Երբ ես փորձում էի գտնել ճիշտ բառեր բացատրելու համար, թե որքան եմ նրան սիրում, հայացքս ընկավ սեղանին դրված իրերին։ Գլանակը ես էի, իսկ նա այդ պահին ինձ անհրաժեշտ միակ բանն էր՝ կրակը։ Աշխարհը սեղանի սահմաններից այն կողմ կորցրել էր իր գոյությունը, իսկ մնացած ամենքը, կարծում եմ, հավասարվել էին առողջապահության նախարարության դատարկ զգուշացումներին։
կարմիր կոճակ
Music: Interpol – Lights
Կարմիր կոճակ։ Բոլոր կոճակներից տարբերվում է իր կարմրությամբ, մեծությամբ եւ հույժ կարեւորությամբ։
Ֆիլմերում սովորաբար օգտագործվում է ինչ-որ հզոր ու վտանգավոր բան ակտիվացնելու համար։ Հիմնականում ձեռք տալ խորհուրդ չի տրվում։ Այդ իսկ պատճառով այս կոճակը միշտ գտնվում է երեւացող տեղում եւ կրում է «ձեռք չտալ» տեսակի գրություն, ինչն էլ իր հերթին մեծացնում է կոճակի սեղմվելու հավանականությունը։ Քանի որ եթե գրված է ձեռք չտալ, հետաքրքրությունից գոնե մեկ անգամ պետք է ձեռք տալ։
Կարմիր կոճակները սովորաբար գտնվում են կարեւոր մարդկանց մոտ, ծառայում են ատոմային ռումբեր ակտիվացնելու, հրթիռներ ուղարկելու կամ ուղղակի ինչ-որ բան պայթեցնելու նպատակով։ Կարմիր կոճակից ոչ հեռու երբեմն գտնվում է մեկ այլ կարմիր կոճակ, որը օգտագործվում է սուրճ լցնելու համար։ Ինչը որոշ դեպքերում շատ ճակատագրական դեր է խաղում, քանի որ սուրճ լցնելու փոխարեն կարեւոր մարդիկ պատահաբար սեղմում են հրթիռ բաց թողնելու կոճակը։
Կարմիր կոճակին ֆիլմի հերոսը շատ բարդ է հասնում եւ գրեթե միշտ վերջին ակնթարթին։
Այս կոճակի կիրառությունը առօրյա կյանքում՝
- կրակին դրված սուրճը եռում է, հասնում թասի պռունկին։ Մարդը շնչակտուր վազում է դեպի գազօջախ, խալու ծալքի վրա սոթ տալիս, ընկնում, բայց վերջին պահին ձեռքը երկարացնում, սեղմում է կարմիր կոճակը։ Կրակը հանգում է, սուրճը փրկվում։
Կարմիր կոճակն իր դրամատիկությամբ համեմատելի է տուփում մնացած լուցկու վերջին հատիկին։ Բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ։ Հետեւեք այս շարքին։
անհանդուրժողականության մասին
Ուզում եմ մի քանի հարցի անդրադառնալ․
- անհանդուրժողականության պատճառներին
- նույնասեռականությանը կտրականապես դեմ լինելու պատճառներին (դրանց բացակայությանը)
- տգիտության, անտեղյակության ու վախի կապին
- անհանդուրժողականության արդյունքներին
Նախ ուզում եմ նշել, որ վերջին դեպքերի մեջ նույնասեռականության դերը շատ քիչ ա, ուղղակի դա ա տվյալ պահին մարդկանց ձեռքի տակ ընկել, դա ա քննարկման արդյունք դարձել ։ Ամենամեծ խնդիրը տվյալ պարագայում անհանդուրժողականությունն ա, չիմացությունը, վախը։ Անհանդուրժողականության հիմքը համոզմունքներն են, անտեղյակությունը, անորոշությունը, աշխարհընկալումը ու դրանց վրա կազմած աշխարհի սեփական մոդելի քանդվելու վտանգը։
Նույնասեռականներին չընդունող լիքը ընկերներ ունեմ։ Թե ավանդապաշտ, թե ազատամիտ, թե հավատացյալ, թե աթեիստ, թե, թե, թե։ Տարբեր տեսակի մարդիկ։ Բայց իրենցից ոչ ոք երբեք ծայրահեղ քայլերի չի գնա, ուժ չի գործադրի։ Ու դա գալիս ա նրանց տգետ չլինելուց։ Այսինքն եթե դու չես ընդունում նույնասեռական մարդուն, քո անձնական գործն ա, մի ընդունի, բայց բարի եղիր չպարտադրել քո կարծիքը ու հատկապես էդ մարդուն վնաս չտալ՝ թե ֆիզիկական, թե հոգեկան, թե բարոյական։
Էդ ամբողջ խառնաշփոթի մեջ հայտնված մարդկանց մեծ մասին ես չեմ մեղադրում։ Իրենք գործիք են իրենց տագնապների, վախերի ու ավելի խորամանկ մարդկանց կողմից դրանց օգտագործման ձեռքում։ Իրենք ամբողջ կյանքում տեսել են կյանքի մի օրինակ, մի մոդել, փոքր տարիքից մեծացել են որոշակի չգրված սոցիալական օրենքներով, նորմերով, ու բնական ա, որ ցանկացած շեղում էդ մոդելից ընկալվելու ա որպես վտանգ իրենց աշխարհին, ինչն էլ բերելու ա նրան, որ սկսելու են պայքարել, ամեն ինչ անել վերացնելու համար այդ շեղումները ։ Նման վարքը կրում ա ինքնապաշտպանական բնույթ։
Եթե մարդը մի բանի շատ դեմ ա, դա խոսում ա նրա մոտ ինչ-որ խնդրի մասին։ Եթե ես չեմ սիրում կաթ, ես ուղղակի չեմ խմում կաթ։ Եթե ես չեմ ընդունում փողով սեքս, ես երբեք չեմ անի փողով սեքս։ Ոչ թե կհարձակվեմ կաթ խմող կամ մարմնավաճառների մոտ գնացող մարդկանց վրա։ Որովհետեւ ես նրանց մեջ ինձ համար վտանգ չեմ տեսնում։ Ես գիտակցաբար եմ կատարել իմ ընտրությունը ու ոչ մի պարագայում միտքս չեմ փոխի, ոչ ոք իմ որոշման վրա չի կարող ազդել, ոչ ոք չի կարող համոզել, ես չունեմ վախ, քանի որ ես վստահ եմ։
Եթե մարդիկ պաստառներով հասնում են կասկադ, չեղած տեղից պատմություն սարքում (որովհետեւ բազմազանության երթը շատ հեռու ա գեյ-պառադ կոչվածից), հրմշտում իրենց նման մարդկանց, հայհոյում, ուրեմն էդ մարդիկ վստահ չեն իրենց վրա, էդ մարդիկ ուզում են երեւույթը վերացնել, որ գայթակղություն չլինի (իրենց, կամ իրենց երեխաների, կամ շրջապատի համար, էական չի, էականը էստեղ վախն ա)։ Էդ մարդիկ վախենում են էդ երեւույթից, քանի որ իրենք վստահ չեն էդ իրոք սխալ ա, թե ոչ, իրենք չգիտեն ինչպես պետք ա վարվել նման դեպքերում։ Էդ կեղտը խալու տակ թաքցնելու պես բան ա։ Չկա խնդիր, չկա կոնֆլիկտ։ Ուղղակի մի տարբերությամբ՝ խնդիրը քողարկելով չի անհետանում։
Էսքան ժամանակ ինչքան էս հարցով քննարկումներ են եղել, ոչ մի տրամաբանական պատճառ չեմ լսել։
Մեզ հարիր չի, քրիստոնյա մարդը տենց բան չի անի, եվրոպական կեղտոտ արժեքներ են, քարոզ ա, եւ այլն եւ այլն։
Եթե մեկը ասեր, գիտես ինչ, ինձ մտահոգում ա էդ փաստը, որովհետեւ տեղից էլ քիչ են հայերը ու եթե նույնասեռականները շատանան, երեխեք չունենան, ազգը չի շատանա, տեսակը կվերանա, կասեի լավ, մարդը գոնե մի քիչ մտածել ա էդ ուղղությամբ։
Բայց։ Մեզ հարիր չի։ Իսկ ի՞նչն ա հարիր, անբարոյական լինելը՞ (հատուկ մարմնավաճառ չեմ ասում, քանի որ անբարոյականությունը մարմինը վաճառելը չի, էդ բնավորություն ա, մարդու տեսակ), թե տասհինգ-տասնյոթ տարեկան դպրոցականների լկտի պահվածքը (էն երեք աղջիկների հայհոյանքներով կռվի տեսահոլովակը օրինակ)։ Ասել եմ ու կասեմ, ինչքան ամեն ինչ արգելված ա լինում, էնքան ավելի պոշլիյ ձեւով ա արվում։
Քրիստոնյա մարդը տենց բան չի անի։ Ի՞նչ կապ ունեն կրոնական հայացքները։ Եթե աթեիստ ես, նորմալ ա՞։ Թե հաջորդ փաստարկը նորմալ մարդը աթեիստ չի լինին պետք ա լինի՞։ Աստվածաշունչը կարող ա մարդի՞կ չեն գրե՞լ։
Քարոզ ա։ Լավ ես ընդունում եմ, որ կարա տհաճ լինել մարդկանց, չուզեն փողոցում քայլել ու երկու աղջկա տեսնել համբուրվելուց։ Բայց քարոզը որն ա՞։ Հիմա եթե ես տղաների հետ շատ շփվեմ, իրենք ինձ համոզելու են աղջիկ հավանե՞լ։
Հաջորդ կարեւոր կետը։ Նյուտոնի երրորդ օրենք։ Ցանկացած ազդեցություն առաջացնում է հակազդեցություն: To every action there is always an equal and opposite reaction: or the forces of two bodies on each other are always equal and are directed in opposite directions.
Երբեք ոչ մի հասարակությունում չի հաջողվել մի բան արգելել բռնի ուժով, քարկոծելով, ամոթանք տալով։ Ինչքան ուժ գործադրեք, էնքան հակազդող ուժը մեծանալու ա։ Արդյունքում՝ լիքը ինքնահաստատման ու ուշադրության կարիք ունեցող մարդ որոշելու ա տարբերվելու համար նույնասեռական դառնալ, դրա միջոցով կայանալ։ Իսկ դա բերելու ա ավելի բացասական հետեւանքների, շունը տիրոջը չի ճանաչելու։
Իսկ ամբողջ քաոսի բացասական արդյունքները լինելու են՝
ա․ նույնասեռական լինելու լղոզված սահմանները։ Երթուղայինում մեկ-մեկ մտածում են ես տղա եմ։ Կարճ մազերի համար։ Ես վտանգ եմ տեսնում ինձ համար, քանի որ որոշ ժամանակ անց էլ կարճ մազ ունենալը կամ վերնաշապիկ հագնելը կդառնա պիտակավորման առիթ։
բ․ եթե հիմա նույնասեռականությունն ա հակասում էդ մարդկանց աշխարհի պատկերացումներին, վաղը կարող ա նորից ռոք երաժշտություն լսելը կամ մի քիչ տարբերվող արտաքին ունենալը դառնալ անբարոյականություն, ինչը որ մի տաս տարի առաջ շատ տարածված էր։ Իսկ ես չեմ ուզում փողոցով քայլել ու լսել «փհա՜յ արա, էսի ջակի ջուկի ա, էսի հաստատ ռոկ էլ կլսի․ գալիբո էլ կլինի»։
գ․ օրենքների վերացում։ Եթե հիմա էս մարդիկ սահմանադրությունն են անտեսում, իրենց «պանյատները» առաջին պլան մղում, վաղը էդ պանյատների երեսից երկիրը դարձնելու են գողի ու խուժանի երկիր։ Ոնց-որ եւ հիմա ա, բայց մի քանի անգամ ավելի վատ։ Որովհետեւ էդ չգրված օրենքները բացարձակ ճշմարտություններ չեն, մեջները լիքը բացթողումներ կան։
Էնպես որ լավ մտածեք քայլեր ձեռնարկելուց առաջ։ Կողմնորոշվեք, ամեն մեկդ ձեր բարոյական լինելու մասին մտածեք ու ձեր «փայ» լավը եղեք։ Էդքան բան։ Ախր շատ պարզ բաներ են, պետք ա ինքներդ հասկանայիք։
everybody cries
Ու վերջ։ Հաուսին, Հաուսի պատմությանը, ինձ, մեզ, էլի ինչ-որ մեկին։
Չորս տարի նայում էի, ամեն տեղ մեջ բերում, վեբ կամերայիս վրա բեյզիք հաուսի “House”-ը կտրում, կպցնում։
Որ առաջին անգամ ԵՊՀ-ի անցումում գրաֆիտին տեսա, սենց կանգնեցի, ասեցի «եթե էս տղեն իրան ա պատկերել, կանգնում եմ ստեղ ու սպասեմ»։ Էդ թվերից մի նկար ունեմ։
Ու հետո սպասեցի, էնքան, մինչեւ հանդիպեցի:

Մի խոսքով, ինքը չորս տարի ամեն տեղ կար։ Անցումներում, կողքի շենքի պատին։

Ընկերների տեսքով։
Էն ժամանակ, որ ինչ-որ մեկն ասում էր Հաուս ա նայում, միանգամից ուրախանում էինք, խորանում, քննարկում, բան ման։ Հիմա հայկական ալիքներից մեկով են նույնիսկ ցույց տալիս, լիքը մարդ սկսել ա նայել, ու դա շատ լավ ա։
Վերջն ի դեպ շատ Հաուսական էր, մտածված, գոհացնող։ Հավես էր, որ իրատեսական էր, տրամաբանություն կար ու դե ինչպես միշտ Հոլմսին հղում անող էպիզոդ էր։
Մի խոսքով, հուզվել եմ, կատակ բան չի, չորս տարի հետս ա եղել, ոնց-որ մի բան պակասած լինի։ Դատարկված լինեմ։ Հիշողություններ, պատմություն, մարդիկ, էդ ամեն ինչի վերջը ոնց-որ մարմնավորի։
Եսիմ, տխուր ա։ House MD S08 Special – Swan Song-ը անպայման նայել։
Տենց։
իշխանության մասին
Իշխանության հիմքը մարդկանց անհավասարությունն է։ Ֆիզիկական, մտավոր անհավասարությունը։ Ինչքան էլ ասենք, որ բոլոր մարդիկ պետք է հավասար լինեն, չենք կարող հերքել, որ այդ հավասարությունը անորոշ հասկացություն է եւ իրականում ոչ ոք ոչ ոքին միանշանակ հավասար չի կարող լինել ու մեծ հաշվով պետք էլ չի, որ լինի։
Իշխանության աղբյուրներն են ուժը, հարկադրանքը, մանիպուլյացիան, հեղինակությունը, մոտիվները, համոզմունքները, հարստությունը։ Այսինքն՝ իշխանություն ձեռք բերելու համար կարելի է տարբեր գործոններ օգտագործել։
Ինձ համար ընդունելի իշխանությունը պետք է հիմնված լինի ուժի (արտաքին միջավայրին դիմակայելու համար), հարստության (ներքին միջավայրին անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու համար) եւ գիտելիքների վրա։
Չեմ կարծում, որ հարկադրանքի, մանիպուլյացիայի կամ հեղինակության վրա հիմնված իշխանությունը երկար կարող է գոյատեւել։ Նաեւ չեմ կարծում, որ խելացի իշխանավորը առանց ուժի կամ հարստության կկարողանա արդյունավետ կառավարել։
Իշխանությունը կիրառելու համար իր հերիթին կան մի շարք մեթոդներ։ Միֆեր, վախ, ավանդույթներ, հարկադրանք, բռնի ուժ, համոզել, խրախուսանք, օրենքներ։ Միֆերից սկսած մինչեւ օրենքներ մարդիկ անցել են իշխանությունը գործադրելու բոլոր էտապներով։ Ինչքան մարդիկ անգիտակից են եղել, այնքան իշխանությունը հիմնված է եղել վախի, կարծրատիպերի, հավատքի վրա։ Ինչքան զարգացել են, այնքան իշխանությունը ստացել է օրինական բնույթ, դարձել է փոխհամաձայնության վրա հիմնված հասարակությանը ծառայող գործիք։
Այսինքն՝ իշխանության կատարյալ տարբերակը մարդկանց կողմից ընտրվող, մարդկանց համար ծառայող տեսակն է։ Մարդիկ ընտրում են իրենցից հարուստ փորձ ունեցող, կառավարման մեջ հմտացած մեկին իրենց գործունեությունը արդյունավետ կազմակերպելու եւ համագործակցություն ապահովելու համար, նրան վճարում են եւ քանի որ իրենք են ընտրել, իրենք էլ պահանջներ են ներկայացնում։
Եթե իշխանությունը օրինական հիմք չունեցավ, վաղ թե ուշ վերածվելու է բռնատիրության։
Նույնը Հայստանի դեպքում։ Եթե մարդիկ ընտրություն են կատարում (ոչ թե կաշառք վերցնում, կեղծում, ուժի կիրառման արդյունքում ընտրում), իշխանության գլուխ եկողը իմանում է, որ այդ իշխանության աղբյուրը մարդիկ են եւ յուրաքանչյուր պահի, ինչպես իրեն տվել են մի շարք լիազորություններ, այնպես էլ կարող են ետ վերցնել։ Նման պարագայում իշխանությունը ուղղակի այլ տարբերակ չի ունենա, քան հասարակության շահերին ծառայելը։
Այլ հարց է, որ ցանկալի կլիներ իշխանության գլուխ եկողը ընտրված լիներ իր գիտելիքների, լավ կառավարել կարողանալու ու նման շատ այլ հատկանիշների համար։
բան-ման
Փոշին առարկաների վրա է նստում։ Սենյակը դատարկ է, սենյակը մաքուր է։ Նույնը կիրառելի է մարդկանց դեպքում։ Որքան քիչ մարդ ես կյանքումդ պահում, այնքան քիչ է լինում առաջացող վատ նստվածքը։
***
Միայնակ ապրած տարիներին սովորել էր սենյակի լուսավորությունն այնպես հարմարեցնել, որ ընթրիքի ժամին հնարավոր լիներ պատին ընկնող իր ստվերի հետ սեղան նստել։
***
Հույսը վերջացել է, բայց փոխարենը կարող ենք մի երկու հատ ապտակ տալ։
***
Ծնողներս այնքան էին ուզում ինձնից ազատվել, որ տան բոլոր սեղանները տաշել էին, անկյունները կլորացրել։
***
Ես պատրաստվում եմ ամուսնանալ մտքերիս հետ եւ երեք հատ մտահղացում ունենալ։
***
Հեղինակի կենսագրությունը մի էջ, հերոսինը մի գիրք։
***
Գրքի չկարդացված մասը բարակում էր, ակնոցիս ապակին՝ հաստանում։
ոչ մեկին նվիրված
հունվար 9, երկուշաբթի
անձրեւը սկսեց մաղել
եւ դատարկ փողոցում
մարմինս տաք
իր մեջ առավ ճնշող քաղաքի սառնությունը
գույները խամրեցին
մարդիկ դարձան «բացակայություն» կրող ցուցանակներ
եւ այդ բացակայության մեջ
աչքի ընկավ
հատկապես քոնը
ցավը հաղթահարելու հինգ էտապները
Music: Shocking Blue – Send Me A Postcard
Kübler-Ross մոդելը հայտնի ա տարբեր անուններով՝ կորուստի հինգ էտապներ, մահվան հաղթահարման հինգ էտապներ, ցավի ընդունման հինգ էտապներ։ Էտապները հետեւյալն են՝ հերքում, բարկություն, բանակցություններ, ընկճվածություն, համակերպում։
Հերքումը մարդու ինքնապաշտպանական համակարգի ամենավառ արտահայտված գիծն ա։ Երբ մի վատ բան ա լինում, մենք առաջին հերթին մերժում ենք նման բանի գոյության փաստը, փորձում ինքներս մեզ համոզել, որ գուցե սխալ ենք հասկացել, փորձում ենք դեպքի հետ հակասող բաներ գտնել, ապացուցել, որ նման բան չէր կարող լինել։ Կարծում եմ, եթե չլիներ մարդկային էս գիծը, մենք ուղղակի անսպասելիությունից շոկի մեջ կընկնեինք ու կթռցնեինք ուղղեղներս։
Բարկությունը հավանաբար էս հինգից ամենա ոչ ռացիոնալ արձագանքն ա։ Մենք փորձում ենք հասկանալ թե ինչու հենց մեզ հետ նման բան եղավ, փորձում ենք մեղավորներ գտնել, ինքներս մեզ մեղադրել։ Ժողովրդի ասած՝ գլխներիս ենք տալիս։ Ինչը բնականաբար ոչ մի օգուտ չի տալու, քանի որ ոչ հնարավոր ա ժամանակը ետ տալ ու ինչ-որ բան փոխել, ոչ էլ այլ մարդկանց մեղադրելով լուծել առաջացած խնդիրը։
Բանակցությունների ժամանակ սկսում ենք ինչ-որ լուծումներ դիտարկել, մտածել ինչ կարող ենք անել, որ իրավիճակը փոխվի։ Իհարկե քանի որ դեռ չենք կարող բանական լուծումներ գտնել, հույսի փրփուրներից ենք կախվում, ինչ-որ անիմաստ ելքեր ման գալիս։
Ընկճվածություն՝ երբ գլուխը սառում ա, ու հասկանում ենք, որ հույսի փրփուրներից կախվելը ոչինչ չի փոխելու, սկսում ենք մտածել, որ ոչ մի ելք չկա, ընկճվում ենք, ուղեղը ժամանակավորապես անջատում, ընկնում ենք անտարբերության գիրկը՝ ապատիա։ Մտածում ենք՝ ինչ լինում ա լինի, մեկ ա ոչինչ չի փոխվելու։
Եւ մի որոշ ժամանակ էդպես մնալուց հետո գալիս ա համակերպման պահը։ Մենք սկսում ենք սառը դատել, ինչ-որ լուծումներ գտնել, ոտքի կանգնել։
Էս բոլոր էտապներով կարելի ա տարբեր կրիտիկական պահերի անցնել, ամբողջ անցումը կարող ա տեւել մի քանի օր կամ մի քանի ամիս՝ կախված էն բանից, թե ինչ ա եղել։ Բայց ամիսներ անց էս ամենը նորմալ դեպքերում պետք ա անպայման անցնի, այլապես կստացվի, որ ճահճի մեջ ես մտել ու ներս ես ծծվում։
Հարաբերությունների դեպքում էս էտապները նման տեսք են ունենում (մի քանի ընկերների օրինակով, ինչպես նաեւ սեփական մաշկի վրա զգացած)։
Հերքում – Բաժանվելուց հետո մի որոշ ժամանակ ուղեղդ ուղղակի չի ընդունում որ էլ միասին չեք։ Ուզում ես հանդիպել, խոսել, սովորական դարձած գործողություններն անել, մի խոսքով ամեն հնարավոր բան, միայն թե չընդունես էդ փաստը։
Բարկություն – Երբ որ վերջապես զգում ես, որ բաժանվել եք, սկսվում ա պարզաբանման էտապը․ «ինչի՞ բաժանվեցինք», «բայց իմ հանդեպ էդպես անարդար ա», «արի հասկանանք ով ա մեղավոր»։ Ամենահիմար էտապներից։ Մեկ ա էդպես էլ չեք կարողանալու հասկանալ, թե ով էր մեղավոր կամ ինչ պատճառ կար, քանի որ ամեն ինչ դեռ տաք ա, իսկ տաք ժամանակ մենակ երկաթն ա արդյունավետ ծեծվում։
Բանակցություններ – Երբ որ պարզաբանման էտապն անցնում ա, երբ դիմացինին մեղավոր ես հանում, փորձում ես բոլոր զգայարանների հետ խաղալ (մեղավորություն, ցավ, հին հիշողություններ, լավ օրեր) ու միեւնույնն ա ոչինչ չի փոխվում, անցնում ես մյուս էտապին՝ խոստումներ տալուն։ Ամեն ինչ էդ պահին կարաս խոստանալ՝ «նույնը չի կրկնվի», «ես փոխվել եմ», «արի գոնե մի անգամ էլ փորձենք», «եթե ուզում ես ոչ մի աղջկա հետ չեմ շփվի»։ Դե հիմնականում սա էլ չի օգնում։ Օգնելու դեպքում էլ հիմնականում ոչինչ չի փոխվում ու միեւնույնն ա բաժանվում եք մի որոշ ժամանակ անց։
Ընկճվածություն – Էս էտապում զգում ես, որ ոչինչ էլ չի կարող փոխվել։ Ընկճվածությունը պատում ա, ախորժակդ փախնում, սկսում ես ամեն չստացվող բան գցել բաժանման վրա, ամբողջ օրը ընկերներիդ պատմում ես, թե ինչ վատ վիճակում ես։ Մի խոսքով քեզ զգում ես տրորված ու ահավոր վիճակում։ Մազոխիստների համար էս էտապը կատարյալ ա, կարող ա երկա՜ր-երկա՜ր էսպես ձգվել։ Իսկ մի քիչ ինքն իրեն սիրող մարդու մոտ վաղ թե ուշ սեփական ընկճվածությունից հոգնածություն ա առաջանում։
Համակերպում – Ամեն ինչ կուլ տալ, մարսել ու առաջ գնալ։ Վերջին էտապ։ Ընդունում ես, որ հարաբերությունները վերջացած են, որ ոչինչ չէիր կարող անել այն փրկելու համար, քանի որ արդեն իսկ ամեն ինչ սխալ էր, որ հիշողութունների մեջ մնացած լավ ակնթարթները անցյալում են, որ վերջը ահավոր էր, քանի որ եթե ահավոր չլիներ, չէիք բաժանվի։ Իհարկե մինչեւ վերջ չես մոռանում (քանի որ էդպես փորձդ անիմաստ ա դառնում, ստացվում ա, որ ոչ մի դաս չես քաղել էդ հարաբերություններից), բայց կարողանում ես ապրել ու չբացառել հետագայում ավելի առողջ հարաբերություններ ունենալու միտքը։
Էդպես։
Ու վերջում՝ Kübler-Ross մոդելն իմ վրա, պետական քննություններին պատրաստվելիս։Ճ հիմա իմ մոտ համակերպման էտապն ա ու ինքն ինձ ուղղակի դզում ու դուխ ա տալիս։
Denial չեմ պարապելու
Anger կտրվում եմ, կտրվեմ, բոլորի հերն էլ անիծած
Bargaining եթե կտրվեմ, կմնա մյուս տարի (հիմար տարբերակ, բայց էդ ժամանակ լուծում էր թվում)
Depression մեկ ա կտրվելու եմ, էլ ուր պարապեմ
Acceptance վերջ, նստում եմ պարապեմ, գնամ հանձնեմ
Լավ եղեք։ Ամեն ինչ էնքան վատ չի ինչքան մեկ-մեկ թվում ա։ Ամենակարեւորը՝ սիրեք ձեզ, ինչ էլ լինի, անցնելու ա, իսկ առողջությունն ու փչացած նյարդային համակարգը չեն վերականգնվելու։
մայիս 16, չորեքշաբթի
Ճակատը հողի պես է։ Եթե երկար չջրես, չփոցխես, ցամաքում, ճաքեր է տալիս։ Այդ իսկ պատճառով պետք է երբեմն չարչարվել, քրտնել մի քիչ։
նախաքննական իմաստություն
ամեն օր պարապիր այնպես, ինչպես կպարապեիր քննությանը մնացած վերջին օրը
այսինքն օր
այսինքն գիշեր
եւ հավիտյանս հավիտենից
ամեն








